31 Օգոստոսի 2015, 1050 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ ՍՏՈՒԴԻՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԿՆՔԱԾ N 321-Օ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ, ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 727-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ, 66-րդ, 67-րդ ու 68-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ի N 321-Օ պայմանագրի 12-րդ կետի 12.1-ին ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի 2015 թվականի օգոստոսի 21-ին կայացած ընդհանուր ժողովի որոշմանը` առանձնացման ձևով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպմանը և վերակազմակերպման արդյունքում` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը (գույքը` համաձայն N 1 հավելվածի՝ 2 702 469 606 դրամ գնահատված արժեքով) Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին:
2. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպման աշխատանքների ավարտից և վերակազմակերպման արդյունքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) և առանձնացված ընկերության (հաստատելով N 2 հավելվածում նշված գույքի փոխանցումն առանձնացված ընկերությանը վերակազմակերպման արդյունքում) պետական գրանցումն ապահովելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն դիմում ներկայացնելու դեպքում (դիմումի հիման վրա) փոխադարձ համաձայնությամբ լուծել Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ի N 321-Օ պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր)՝ որպես լուծման հետևանք նախատեսելով, որ՝
1) Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, 345 000 000 դրամ փոխհատուցման դիմաց Հայաստանի Հանրապետության սեփականություն է ձևակերպում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերեր «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ՝ «Ֆիլմ Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերությանը և «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող բաժնետոմսերը՝ համապատասխանաբար 30.32/69.68 տոկոսային համամասնությամբ.
2) «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է օգտագործման իրավունքով իրեն տրամադրված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Ֆիլմաֆոնդի ցանկի թվայնացված կրիչների բնօրինակները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը՝ համաձայն N 3 հավելվածի.
3) ընկերության պարտատերերը` ԳաֆԷսճեան ընտանիքի հիմնադրամը և Արտեմ Սարգսյանը («Ցեդենտ»` համաձայն N 4 հավելվածի) 66.38/33.62 տոկոսային համամասնությամբ 5 000 000 դրամ հատուցման դիմաց զիջում են զիջման օրվա դրությամբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ ունեցած դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետությանը.
4) «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը վերադարձնել Ֆիլմաֆոնդի գույքային իրավունքների օգտագործման վերաբերյալ այլ (երրորդ) անձանց հետ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության կնքված պայմանագրերի պատճենները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 2-րդ կետից բխող պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 350 000 000 դրամ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվից` եկամուտների վերադարձ գործառնության միջոցով.
2) ընկերության պարտատերերի հետ կնքել սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեբիտորական պարտքի պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագիր՝ համաձայն N 4 հավելվածի, և ընկերության հետ կնքել այդ դեբիտորական պարտքի մարման ժամկետը 10 տարով երկարաձգման պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կնքել համաձայնագիր` պայմանագիրը լուծելու մասին՝ համաձայն N 5 հավելվածի, և համաձայնագրի կնքումից հետո 10-օրյա ժամկետում 345 000 000 դրամ գումարը փոխանցել «Ֆիլմ Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերությանը և «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համամասնությամբ, իսկ 5 000 000 դրամ գումարը փոխանցել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պարտատերերին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կնքած դեբիտորական պարտքի պահանջի իրավունքի զիջման պայմանագրի հիման վրա.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործողությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում կնքել բաժնետոմսերի փոխանցման համաձայնագիր՝ համաձայն N 6 հավելվածի, և իրականացնել ընկերության բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքները.
3) ընկերության բաժնետոմսերի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության բաժնետոմսերի՝ որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, գրանցման աշխատանքները.
4) գրանցման աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում ապահովել ընկերության ակտիվների վերագնահատումը և արդյունքները արտացոլել ընկերության հաշվապահական հաշվեկշռում:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված համաձայնագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում լուծել պայմանագրից բխող` կնքված պայմանագրերը՝ համաձայն N 7 հավելվածի:
6. Սույն որոշմամբ նշված բոլոր գործարքներից բխող ծախսերը ենթակա են իրականացման՝ «Ֆիլմ Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից բխող ծախսերի:
7. Սահմանել, որ «Ֆիլմ Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերությունը և «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պատասխանատվություն են կրելու ընկերության ցանկացած չբացահայտված պարտավորության (ներառյալ այլ անձանց ֆիլմի գույքային իրավունքների օգտագործման) համար ոչ ավելի, քան 100 000 ԱՄՆ-ի դոլարին կամ դրան համարժեք ցանկացած այլ արժույթին համապատասխան գումարի չափով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքն օտարելու մասին» N 727-Ա որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը: