10 Սեպտեմբերի 2015, 1047 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները: Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:».
4) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ներկայացվում է էլեկտրամատակարարման միագիծ սխեման: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն N 3 հավելվածի՝ թույլատրելով էլեկտրատեղակայանքի գործարկումը: Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Մասնագետ-տեսուչը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ:».
5) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացություն:».
6) որոշման N 2 հավելվածի 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դիմում՝ էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.
2) էլեկտրասնման տեխնիկական պայմանները:
2. Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում՝
1) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը.
2) տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.
3) հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտի պատճենը.
4) համապատասխան դեպքերում՝ N 2 հավելվածով սահմանված այլ փաստաթղթերի պատճենները:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: