31 Օգոստոսի 2015, 995 - Ն
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՇՏԱ ԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Ուկրաինայում բնակության իրավունք ունեցող (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիություն ունեցող)՝ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձին (այսուհետ՝ անձ) կենսաթոշակ, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նպաստ) նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման դրույթները:
2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ անձին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու (վճարելու) համար անձը պետք է ներկայացնի Ուկրաինայում կենսաթոշակ կամ նպաստ նշանակված լինելու (չլինելու) կամ ստանալու (չստանալու) մասին փաստաթուղթ, ապա այդ փաստաթուղթը չի պահանջվում, եթե, ի պատասխան Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կատարած հարցման, ստացվել է պատասխան, որ հայցվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) չի կարող տրամադրվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, անձի՝ Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով:
3. Եթե սույն որոշման 1-ին կետում նշված անձը դիմում է իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի կամ նպաստի գործը Ուկրաինայից պահանջելու և վճարումը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար, և Ուկրաինայից ստացված պատասխանի համաձայն՝ կենսաթոշակի կամ նպաստի գործը չի կարող ուղարկվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ` սույն որոշման 2-րդ կետում նշված պատճառով, ապա այս դեպքում անձին նոր հիմունքներով նշանակվում է կենսաթոշակ կամ նպաստ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը:
4. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում Ուկրաինայից պատասխանն ստանալու օրվանից հետո տասը օրվա ընթացքում անձին նշանակվում է կենսաթոշակ կամ նպաստ, որը հաշվարկվում է անձի կողմից դիմումը ներկայացվելու օրվանից:
5. Սույն որոշման դրույթները տարածվում են նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դեպքերի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ անձը կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացրել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը: