6 Օգոստոսի 2015, 905 - Ն
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԿՈՒ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 39-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1495-Ն որոշմամբ հաստատված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2013-2017 թվականների մաստեր պլանի 6.1.4-րդ կետի դրույթներն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա երկու նախկին հանրակացարանների սենյակներում 2015 թվականի մարտի 20-ի դրությամբ փաստացի բնակվող բնակիչների ցուցակը` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ՝
1) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն) սույն որոշման հավելվածում նշված բնակիչների հետ կնքում է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի NN 98/4, 98/7 և 98/8 հասցեներում կառուցված բնակելի շենքերի 176 միավոր բնակարաններից 98-ի, ըստ զբաղեցրած սենյակների, սեփականության իրավունքով անհատույց օտարելու մասին պայմանագրեր, որոնց հիման վրա բնակչի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո հանձնման-ընդունման ակտով ընկերությունը հանձնում է բնակարանը ձեռք բերողին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին.
3) սույն որոշման 1-ին կետով հաստատված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող երկու նախկին հանրակացարանների սենյակներում 2015 թվականի մարտի 20-ի դրությամբ փաստացի բնակվող բնակիչների ցուցակում կարող է փոփոխություն կատարվել օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի հիմքով:
3. Ընդունել ի գիտություն, որ՝
1) ընկերության և քանդման ենթակա նախկին հանրակացարանների փաստացի բնակիչների միջև Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի NN 98/4, 98/7 և 98/8 հասցեներում գտնվող շենքերից բնակարանների օտարման գործարքներից ընկերության հարկվող շահույթի հաշվարկման առումով հարկվող եկամուտ է համարվում օտարված տարածքի օտարման զեղչված գինն առանց ավելացված արժեքի հարկի, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից.
2) ընկերության և քանդման ենթակա նախկին հանրակացարանների փաստացի բնակիչների միջև Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի NN 98/4, 98/7 և 98/8 հասցեներում գտնվող շենքերից բնակարանների օտարման գործարքներն անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրացումներ են` համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի.
3) ընկերության և քանդման ենթակա նախկին հանրակացարանների փաստացի բնակիչների միջև Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի NN 98/4, 98/7 և 98/8 հասցեներում գտնվող շենքերից բնակարանների օտարման գործարքներով տարածքի իրական արժեքի նկատմամբ կիրառված զեղչը բնակարան ստացող ֆիզիկական անձի համար համարվում է պետական մարմնի որոշման հիման վրա գույքի անհատույց տրամադրում և ազատված է եկամտային հարկից` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի համաձայն, ըստ այդմ` օտարող ընկերությունը չունի եկամտային հարկի պահման հարկային գործակալի պարտավորություն` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված` ձեռք բերողին ներած պարտավորության տեսքով առաջացող եկամտից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: