30 Հուլիսի 2015, 865 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 502-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը` հայերենով և ռուսերենով` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման («ТТ ТС» դասակարգչով «տարանցում» ընթացակարգով` բացառությամբ օդային փոխադրումների) դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ սույն որոշմամբ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու հանգամանքը հայտնի դառնալու օրն առձեռն կամ փոստային եղանակով ծանուցումը հանձնվում է ֆիզիկական անձին` մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ:
3. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման բազան որոշվում է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
4. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման բազան որոշվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար հարկերը վճարվում են ներմուծվող ապրանքների` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափաքանակները գերազանցող մասի համար:
6. Սույն որոշման դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանելու մասին» N 502-Ն որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: