25 Հունիսի 2015, 718 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքում գտնվող` 62 492 000 դրամ շուկայական արժեքով` 1128 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինությունները (վարչական շենք՝ 617 քառ. մետր, լաբորատորիա՝ 487.5 քառ. մետր, ենթակայան՝ 23.5 քառ. մետր) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 11.5 հեկտար հողամասը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Արշակունյաց 22)՝ կազմակերպության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) կազմակերպությունը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո
5 տարվա ընթացքում կատարել 50 000 000 դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
2) կազմակերպությունը պարտավոր է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում կազմակերպությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, կազմակերպությունը
2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.
5) կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
6) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին: