4 Հունիսի 2015, 612 - Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1684-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել սույն որոշման հավելվածում նշված բնակարանները՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով՝ պայմանով, որ սույն որոշման հավելվածում նշված քաղաքացիները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին մասնակցել Երևան քաղաքի Նազարբեկյան 48 շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին՝ ընդհանուր օգտագործման գույքի բաժնային մասին համամասնորեն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակարանների նվիրաբերության մասին պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Բնակելի տարածք նվիրաբերելու մասին» N 1684-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1684-Ա որոշման համաձայն կնքված բնակարանների նվիրաբերության մասին պայմանագրերում կատարել սույն որոշման 4-րդ կետից բխող փոփոխություններ: