18 Հունիսի 2015, 668 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 116,009.0 հազ. դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 103,989.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, իսկ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` 12,020.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ նախատեսված «Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինմոնտաժային աշխատանքների գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն.
2) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող «Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը.
3) սույն որոշմամբ նախատեսված «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արամ Խաչատրյան» համերգասրահի ընթացիկ նորոգման էսքիզային նախագծի մշակման և շինմոնտաժային աշխատանքների գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերությունների համաձայն.
4) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արամ Խաչատրյան» համերգասրահի ընթացիկ նորոգման էսքիզային նախագծի մշակման և շինմոնտաժային աշխատանքների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը.
5) սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին իրականացվող «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարության աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման գործընթացում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված