Կառավարության որոշումներ

15 Դեկտեմբերի 2005, 2157 - Ն

«ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում այլ պետությունների ազգային տարվա և այլ պետություններում Հայաստանի Հանրապետության ազգային տարվա անցկացման հետ կապված աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ`

ա) «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին`

Հայաստանի Հանրապետությունում այլ պետությունների ազգային տարի հայտարարման դեպքում համապատասխան ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումն ու անցկացումն է,

այլ պետություններում Հայաստանի Հանրապետության ազգային տարի հայտարարման դեպքում համապատասխան ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպումն ու անցկացումն է.

բ) «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև «Ազգային տարի» միջոցառման իրականացման գործում փոխհարաբերությունների կազմակերպչական ապահովումն է.

գ) «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավասություն չունի.

դ) «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն է.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարին են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունների լիազորված պետական մարմիններին վերապահված այլ լիազորություններ,

զ) մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի արժողությամբ գույքը, բացառությամբ հողի, շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի, կարող է «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվել սեփականության իրավունքով, իսկ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, հողը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակության գույքը նշված կազմակերպությանը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։

3. Հաստատել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: