7 Մայիսի 2015, 477 - Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ (ՇՆՈՐՀԱՏՈՒ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով այն, որ «Երևանի ջրամատակարարման բարելավում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման համար օտարերկրյա և միջազգային վարկատու (շնորհատու) կազմակերպությունների կողմից վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով (պայմանագրերով) ծրագրի իրականացման գրասենյակի պահպանման ծախսերի ֆինանսավորում նախատեսված չէ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուի գործառույթները պատվիրակել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ օպերատոր)՝ հիմք ընդունելով վերջինիս համաձայնությունը:
2. Սահմանել, որ՝
1) ծրագրի ղեկավարման, մրցույթների անցկացման, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության (ի դեմս Եվրոպական հանձնաժողովի) կողմից պայմանագրերի կնքման և գնումների իրականացման կապակցությամբ երրորդ անձանց հետ հարաբերություններում օպերատորը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ծրագրի իրականացման առումով իր կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում․
2) ծրագրի իրականացման շրջանակներում կատարված՝ Երևանի ջրամատակարարման ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ավարտը (ամբողջությամբ կամ փուլային) արձանագրվում է օպերատորի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև հանձնման-ընդունման փաստաթղթերի կնքմամբ, որոնցում կատարվում է «Երևան Ջուր» ՓԲԸ-ն հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության անունից» նշագրումը․
3) օպերատորը ծրագրի իրականացմանն ուղղված գործարքներն ու գործառնություններն իրականացնելիս վարում է առանձնացված (իր հաշվապահական հաշվառման համակարգից դուրս) հաշվառում՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան.
4) օպերատորն իրականացնում է ծրագրի մոնիթորինգը, կազմում և ներկայացնում է հաշվետվություններ՝ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով.
5) ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը, համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ծառայությունների մատուցման անհատույց գործարք է, որը ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չէ:
3. Առաջարկել, որ՝
1) ծրագրի իրականացման շրջանակներում օպերատորին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք, օպերատորի անունով հարկային հաշիվներ դուրս գրելիս, հարկային հաշվի «[10] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)» դաշտում կատարեն «Ապրանքները մատակարարվում են (ծառայությունները մատուցվում են) «Երևանի ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակներում» նշագրումը, իսկ հարկային հաշվի «[21] Լրացուցիչ տվյալներ» դաշտում՝ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության անունից» նշագրումը․
2) ծրագրի իրականացման շրջանակներում օպերատորին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվող անձինք, օպերատորի անունով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելիս, հաշվարկային փաստաթղթում կատարեն «Ապրանքները մատակարարվում են (ծառայությունները մատուցվում են) «Երևանի ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակներում» և «Երևան Ջուր» ՓԲԸ-ն հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության անունից» նշագրումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: