16 Ապրիլի 2015, 407 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՈԼԻԿԻ ԱԿԱՆՈՂ ՑԵՑ ԵՎ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՑԵՑ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում լոլիկի ականող ցեց և կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով 2015 թվականի պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրով նախատեսված ծախսերի հաշվին «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ձեռք է բերելու Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացման ծառայություններ՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել՝
1) «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության մարզերի մորմազգի մշակաբույսերի դաշտերում ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացումը.
2) «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդատուների միջոցով վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման ժամկետների վերաբերյալ իրազեկումը և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրումը հողօգտագործողներին:
5. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներին` համայնքների ղեկավարների միջոցով աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետներին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով սահմանված պարբերականությամբ ուսումնասիրությունների կատարման գործում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված