26 Փետրվարի 2015, 226 - Ա
«ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Ուսումնամեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության առարկան և նպատակն են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների ու աշխատողների վերապատրաստումը, մասնագիտական որակավորման բարձրացումը.
2) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:
3. Թույլատրել կազմակերպությանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`
1) համակարգում չաշխատող անձանց վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.
2) ուսումնամեթոդական ձեռնարկների, մասնագիտական բուկլետների հրատարակում և իրացում:
4. Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
5. Ընդունել ի գիտություն, որ կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ամրացված՝ Երևան քաղաքի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի 12-րդ հարկում:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը և սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը.
2) սահմանված կարգով ապահովել կազմակերպության պետական գրանցումը.
3) սահմանել կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարների առավելագույն չափը: