Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 195 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված չափերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի ակնհայտ առևտրային չափաքանակների» բառերով.
2) 3-րդ կետի երկրորդ պարբերությունը ներմուծողների կողմից սահմանված բառերից հետո լրացնել «կամ սույն կարգի 11.1-ին և 18-րդ կետերին համապատասխան հայտարարագրված» բառերով.
3) 4-րդ կետը «մանրածախ գնի տպագրման միջոցով» բառերից հետո լրացնել , բացառությամբ սույն կարգի 11.1-ին և 18-րդ կետերով նախատեսված դեպքերի բառերով.
4) 6-րդ կետում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Բացթողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով,
5) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.
11.1. Այն դեպքում, երբ հաշվետու ամսվան նախորդող եռամսյա ժամանակահատվածում ընկած որևէ ամսվա արդյունքներով դրան նախորդող ամսվա համեմատությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող ամենօրյա պաշտոնական հրապարակումների հիման վրա հաշվարկված՝ հայկական դրամի և ԱՄՆ-ի դոլարի ամսական միջին փոխարժեքն աճում է (հայկական դրամն արժեզրկվում է) 5 և ավելի տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև հաշվետու ամսվա մեկն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել սույն կարգի 11-րդ կետով սահմանված հայտարարությունը (անկախ այդ ամսվա համար նախկինում հայտարարություն ներկայացված լինելու հանգամանքից)՝ դրանում որպես ծխախոտի արտադրանքի մակնշված առավելագույն մանրածախ գին նշելով նոր՝ ավելի բարձր գին: Ընդ որում, սույն կետով նախատեսված դեպքում հայտարարությունը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ամսվա մեկն արտադրված միայն այն ծխախոտի արտադրանքի մասով, որի տուփի վրա մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը, փոխարժեքի աճով պայմանավորված, հաշվետու ամսվա ընթացքում վերանայվելու է: Այդ դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին է համարվում հայտարարության մեջ նշված գինը:.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ կետով.
«18. Այն դեպքում, երբ հաշվետու ամսվան նախորդող եռամսյա ժամանակահատվածում ընկած որևէ ամսվա արդյունքներով դրան նախորդող ամսվա համեմատությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող ամենօրյա պաշտոնական հրապարակումների հիման վրա հաշվարկված՝ հայկական դրամի և ԱՄՆ-ի դոլարի ամսական միջին փոխարժեքն աճում է (հայկական դրամն արժեզրկվում է) 5 և ավելի տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև հաշվետու ամսվա մեկն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել սույն կարգի 11-րդ կետով սահմանված հայտարարությունը (անկախ այդ ամսվա համար նախկինում հայտարարություն ներկայացված լինելու հանգամանքից)՝ դրանում որպես ծխախոտի արտադրանքի մակնշված առավելագույն մանրածախ գին նշելով նոր՝ ավելի բարձր գին: Ընդ որում, սույն կետով նախատեսված դեպքում հայտարարությունը կարող է ներկայացվել մինչև հաշվետու ամսվա մեկը Հայաստանի Հանրապետություն ներմուծված միայն այն ծխախոտի արտադրանքի մասով, որի տուփի վրա մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը, փոխարժեքի աճով պայմանավորված, հաշվետու ամսվա ընթացքում վերանայվելու է: Այդ դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին է համարվում հայտարարության մեջ նշված գինը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: