19 Փետրվարի 2015, 145 - Ն
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄՇԱԿՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը և «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պետական կառավարման առանձին մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված անհատական տվյալների տեղեկատվական բազաներից տվյալների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընդունել սույն որոշմամբ հաստատված կարգի 2-4-րդ կետերում նշված տվյալների տրամադրման ձևաչափը և տեխնիկական պարամետրերը՝ դրանք նախապես համաձայնեցնելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: