5 Փետրվարի 2015, 104 - Ա
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված և տրամադրված Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարները, այդ թվում` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման երրորդ ծրագիր» վարկային ծրագրի շրջանակներում՝ 321,615.2 հազ. դրամ, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր` երկրորդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում` 1,408,981.8 հազ. դրամ, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային ծրագրի շրջանակներում՝ 383,490.3 հազ. դրամ, Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ 442,264.6 հազ. դրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ 21,217.6 հազ. դրամ, ինչպես նաև Եվրամիության կողմից «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» դրամաշնորհային ծրագրի իրականացման համար տրամադրված դրամաշնորհը` 2,760,096.0 հազ. դրամ, ընդամենը` 5,337,665.5 հազ. դրամ, որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի համաձայն «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների գրանցումը և արտացոլումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2014 թվականի գործունեության ֆինանսական հաշվետվություններում: