Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2015, 92 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ, ԱՅԳԵԿԻ, ԱՐԵՎԱԴԱՇՏԻ, ՆՈՐԱՊԱՏԻ ԵՎ ՆՈՐԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում 9.24 հեկտար խաղողի այգիներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը՝ սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` ընդունել ի գիտություն, որ Արևադաշտի գյուղական համայնքի տարածքում 1.83 հեկտար վարակված խաղողի այգիներում բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացվելու են «Տեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել բույսերի պաշտպանության միջոցառումների ցանկն ու իրականացման տարածքների քարտեզները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումների անցկացման նկատմամբ.
3) սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների և յուրարմատ խաղողագործական մարզերի համայնքների խաղողի այգիներում 2015-2017 թվականների վեգետացիայի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ մինչև հուլիսի 10-ը և նոյեմբերի 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 48142.8 հազ. դրամ, որից՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ 18720.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման՝ որպես դրամաշնորհ՝ խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով տրամադրելու համար.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 29422.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքների բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացվող 9.24 հեկտար խաղողի այգիներում տեղադրվող 13 ուղեփակոցների հսկիչ կետերի 26 պահակներից 13-ի վարձատրությունը` 10920.0 հազ. դրամ, կատարել համայնքների ֆինանսական միջոցներով:
7. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ Աղավնատան, Այգեկի, Նորապատի և Նորակերտի գյուղական համայնքներում խաղողի վնասատուով վարակված 9.24 հեկտար տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցությունը տրամադրել սույն որոշման N 5 հավելվածի համաձայն կնքված համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ այգու քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` բույսերի պաշտպանության միջոցառումների և վերահսկողության իրականացման գործընթացներում:

Հավելված