22 Հունվարի 2015, 46 - Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 134-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» և 10-րդ հոդվածի «գ» կետերի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «զ» կետի ու 20-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 679-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Առաջարկել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինությանը բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման նպատակով հեռուստատեսությամբ և ռադիոյով կազմակերպել հաղորդումներ` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացուցիչներին կամ օգտագործելով նրանց կողմից տրամադրված նյութերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: