25 Դեկտեմբերի 2014, 1504 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ) ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 49-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում կիրառման ենթակա էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումները`
1) ենթակա են կիրառման` պետական միջոցների (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բյուջետային վարկեր և փոխատվություններ) հաշվին կառուցվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող (բացառությամբ մասնակի վերանորոգվող) կրթության, մշակութային, մարզական, առողջապահական, սոցիալական, վարչական և հասարակական նշանակության այլ օբյեկտների նախագծման, փորձաքննության և շինարարության աշխատանքների պետական գնումների կազմակերպման գործընթացներում` բացառությամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հաստատված ծրագրերով նախատեսված՝ նախագծման և շինարարության փուլերում գտնվող օբյեկտների.
2) կարող են կիրառվել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքների ժամանակ` պահպանելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված