11 Դեկտեմբերի 2014, 1467 - Ա
ՄԻԼԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԿԵՐԱԿՐԵԼ ՄՈԼՈՐԱԿԸ, ԷՆԵՐԳԻԱ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ «ՄԻԼԱՆ ԷՔՍՊՈ-2015» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 77-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին իտալական կողմի հետ կնքել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագիրը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ցուցահանդեսի պատշաճ կազմակերպման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու բանակցություններ սկսել գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` աջակցել Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում կայանալիք «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի կատարման գործընթացին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2014 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 77-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.
«դ. ենթածրագիրը նախատեսում է «ԷՔՍՊՈ» միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում. տաղավարի ձեռքբերման, կազմակերպչական աշխատանքների, ցուցափեղկերի, աուդիո և վիդեո սարքավորումների, ինչպես նաև կահույքի վարձակալում, ձեռքբերում և տեղադրում, հասարակության իրազեկում և գովազդային արշավների կազմակերպում` տեղեկատվական նյութերի, թռուցիկների, բուկլետների և կատալոգների տպագրություն:».
2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 6-րդ ենթակետում «3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ» բառերը փոխարինել «3-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերություններով» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« դ. «ԷՔՍՊՈ» միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Արդյունաբերության զարգացման
հիմնադրամ» (համաձայնությամբ)
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) 2014 թ. ընթացքում»: