18 Դեկտեմբերի 2014, 1462 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Երևան քաղաքի Հալաբյան 37/8 հասցեում գտնվող 9225 քառ. մետր հողամասով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Երևան քաղաքի Հալաբյան 37/8 հասցեում գտնվող ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 13499 քառ. մետր հողամասից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանձնացնել 9225 քառ. մետր հողամասը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման մասնաշենքի նախագծման և կառուցման նպատակով:
3. Սույն որոշման 2-րդ կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով։
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել սույն որոշման 2-րդ կետի համաձայն առանձնացվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման գործընթացը:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չափագրման աշխատանքների իրականացումը.
3) սույն որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետով նախատեսված գործառույթներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
6. Սահմանել, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման մասնաշենքի նախագծման, կառուցման և անշարժ գույքի նկատմամբ հետագայում իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է առաջնորդվել հողամասի սույն որոշման հիման վրա իրականացված չափագրման արդյունքում արձանագրված տվյալներով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի համաձայն առանձնացվող հողամասն ազատել գրավից: