18 Դեկտեմբերի 2014, 1461 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածին և 131-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի CN 22, CN 23 և CP 72 պարզեցված ձևերը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրի պարզեցված ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծվող ապրանքների մաքսային հայտարարագրի պարզեցված ձևը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ձևերը կիրառելի են միայն «Արտահանում` ազատ շրջանառության համար» և «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմների դեպքում, իսկ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ձևերը` միայն «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմի դեպքում:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ձևերը լրացվում են միայն միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձի կողմից` առաքողի կողմից լրացված հայտարարագրի հիման վրա:
6. Սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով արտահանվող ապրանքների համար սույն որոշման 1-ին կետով հաստատված առաքողի մաքսային հայտարարագիրը համարվում է արտահանման մաքսային հայտարարագիր:
7. Սահմանել, որ միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորից տարբերվող միջազգային փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող անձի միջոցով ապրանքներ արտահանելու դեպքում հայտարարագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
8. Սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված արժեքային և բնաիրային սահմաններում մաքսատուրքի պարզեցված դրույքաչափով հարկման ենթակա առաքանու ներմուծման դեպքում սույն որոշման 5-րդ կետի շրջանակներում լրացվում է սույն որոշման N 2 հավելվածով հաստատված մաքսային հայտարարագրի պարզեցված ձևը:
9. Սահմանել, որ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով տեղափոխվող 15 հազ. դրամ և դրան համարժեք ձեռքբերման արժեքը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում սույն որոշման 5-րդ կետի շրջանակներում լրացվում է սույն որոշման N 3 հավելվածով հաստատված ներմուծման մաքսային հայտարարագրի պարզեցված ձևը:
10. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևերը տրամադրվում են փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորների կողմից` Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված կարգի ձևանմուշներով: Դրանք լրացվում են առաքողի կողմից` թղթային ձևով կամ TWM մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգի միջոցով:
11. Սահմանել, որ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգի խափանման դեպքում սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ձևերը լրացվում են թղթային տարբերակով: Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգի գործարկումից հետո` 24 ժամվա ընթացքում մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը թղթային եղանակով լրացված հայտարարագրում նշված տեղեկությունները մուտքագրում է մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ` նշելով թղթային եղանակով լրացված մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը:
12. Սահմանել, որ փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով ապրանքների տեղափոխման դեպքում Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված առաքանին ուղեկցող փաստաթղթերում առկա տվյալների արժանահավատության ստուգման անհրաժեշտության դեպքում հայտարարագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
13. Սահմանել, որ սույն որոշմամբ չնախատեսված այլ դեպքերում միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով տեղափոխվող ապրանքների հայտարարագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունիսի 1-ից: