Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1430 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, ինչպես նաև նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից:
2. Սահմանել որ, սույն որոշման 1-ին կետով իրականացվող գնման գործընթացներում մասնակցի կողմից պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել:
3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների գնումների փոխըմբռնման հուշագրի նախագծին` համաձայն հավելվածի:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) մեկամսյա ժամկետում բանակցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ` պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների ձեռքբերման գնի և մատակարարման ժամկետների վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել սույն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած փոխըմբռնման հուշագիրը.
3) հուշագրի կնքումից հետո իրականացնել հուշագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված գործառույթները:

 

Հավելված