4 Դեկտեմբերի 2014, 1368 - Ա
ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՉԱՊԱՀՈՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2011 թվականին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից պայմանագրային հիմունքներով աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու ստացած Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում եղանակային անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով 2012 թվականի բերքահավաքից հետո 1։2 փոխհարաբերությամբ առաջին վերարտադրության սերմացուի վերադարձը չապահոված 103 տնտեսավարողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում 2011 թվականին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում սույն որոշման հավելվածով նախատեսված շահառուների միջև կնքված պայմանագրերում համապատասխան փոփոխությունների կատարումը՝
1) ստացած էլիտային վերարտադրության յուրաքանչյուր կիլոգրամ սերմացուի վճարման համար սահմանել 200 դրամ.
2) կնքել ընդհանուր գումարի վճարման 4 տարվա ժամանակացույց՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 25 տոկոս և վճարման ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 25-ը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունների համաձայն սույն որոշման հավելվածի այն շահառուների հետ՝
1) որոնց գործերը գտնվում են դատական վարույթում, պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերը կնքվում են հաշտության համաձայնագրի տեսքով՝ նախատեսելով, որ ներկայացված հայցադիմումների կամ դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի ծախսերը փոխանցվում են «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից.
2) որոնց վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, պայմանագրերում փոփոխություններ կատարվում են՝ նախատեսելով, որ օրինական ուժի մեջ մտած վճռում նշված պետական տուրքի ծախսերը փոխհատուցվում են «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից.
3) որոնց կողմից գումարներն ամբողջությամբ վճարվել են, պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերը կնքվում են առանց վճարման ժամանակացույցի, իսկ ավելի վճարված գումարը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից, վերադարձվում է շահառուին։
3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կատարողական գործողությունների ծախսերը հատուցվում է «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից, համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի՝ բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսի չափով։
4. Սույն որոշման դրույթները տարածվում են սույն որոշման հավելվածով նախատեսված այն շահառուների վրա, որոնց հետ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը կնքվել են սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունների համաձայնագրերը։