Կառավարության որոշումներ

13 Նոյեմբերի 2014, 1267 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետում`
ա. «կամ մարտական գործողությունների ժամանակ զոհված, ինչպես նաև այդ գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում մահացած անձի՝ օրենքով սահմանված ընտանիքի անդամը» և «(մարտական գործողությունների ժամանակ զոհված, ինչպես նաև այդ գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում մահացած անձին՝ հետմահու)» բառերը հանել,
բ. 1-ին ենթակետը «դիմում» բառից հետո լրացնել «և անհրաժեշտ չափսերով ու թվով լուսանկարներ» բառերով.
2) 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած և մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ այդ գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում մահացած անձի (այսուհետ՝ զոհված (մահացած) անձ)՝ օրենքով սահմանված ընտանիքի անդամը զոհված (մահացած) անձին հետմահու, կամ մարտական գործողությունների ժամանակ հրազենից կամ ականի պայթյունից վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը մարտական գործողության մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացնում՝
1) դիմում և անհրաժեշտ չափսերով ու թվով լուսանկարներ.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված՝ զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած անձի կարգավիճակը հաստատող տեղեկանք:».
3) 4.1-ին կետի՝
ա. ութերորդ նախադասության մեջ «15» թիվը փոխարինել «30» թվով,
բ. իններորդ նախադասությունը «ներկայացված» բառից առաջ լրացնել «սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված դիմումի ձևը և անհրաժեշտ լուսանկարների չափսերն ու թիվը,» բառերով.
4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Միջգերատեսչական հանձնաժողովը մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը և ստացված փաստաթղթերն ու լուսանկարները՝ եզրակացություն տալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, որի հիման վրա ոչ ուշ, քան դրանք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում սահմանված կարգով մուտքագրվելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով անձին շնորհվում է մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ (այդ թվում՝ հետմահու), և դիմումատուին տրվում է համապատասխան կարգավիճակը հաստատող վկայական, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:»:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց վկայականներն ուժի մեջ են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը և մինչև այդ ժամկետը լրանալը մարտական գործողությունների մասնակցի նոր վկայական կարող է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: