19 Նոյեմբերի 2014, 1316 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետին, 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը և 72-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայատանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքին՝ համաձայն N 1 հավելված:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` կնքվելիք պայմանագրով՝
1) նախատեսելով, որ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարումը պետք է իրականացվի ամբողջ ծավալով՝ պայմանով, որ 2014 թվականին հատկացվելիք ֆինանսական միջոցների և պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ բացասական տարբերությունը կվճարվի այդ նպատակի համար համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում.
2) աշխատանքների կատարման համար սույն որոշմամբ հատկացվելիք գումարը պայմանագիրը կնքած անձին տրամադրելով կանխավճարի ձևով՝ առանց կանխավճարի ապահովման:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ օտարերկրյա պետությունների կամ դոնոր կազմակերպությունների հետ վարել բանակցություններ՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին մասով նախատեսված գումարի բացասական տարբերության ֆինանսավորման համար այլընտրանքային միջոցներ ներգրավելու ուղղությամբ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հապարակմանը հաջորդող օրվանից: