19 Նոյեմբերի 2014, 1308 - Ն
ՔՎՈՏԱՅԻ ՊԱՀԱՆՋԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՀԱՆՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ ու 11-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը օգտագործման ժամկետով բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (այսուհետ` քվոտա) պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանվող գումարների փոխանցումներն ապահովելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) 2016 թվականին` մասհանումների կատարման` օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում` տվյալ տարվա և հաջորդող տարվա մասհանումներից հավաքագրվող արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշիվները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
2) սկսած 2017 թվականից` յուրաքանչյուր տարի մասհանումների կատարման` օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում` հաջորդող տարվա մասհանումներից հավաքագրվող արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշիվը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
3) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված արտաբյուջետային միջոցների հաշիվը բացվելուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվի համարի տեղադրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: