Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1278 - Ա

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉԻՆԱՐԵՆԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ի և 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» կնքված համաձայնագրերը, ինչպես նաև Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունը չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի (այսուհետ` դպրոց) կառուցման համար, կառուցապատման իրավունքով, չինական կողմին է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «Երևանի Հ. Գյուլիքեխվյանի անվան N 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական և օժանդակ շենք, շինություններով ծանրաբեռնված և դրանք սպասարկող 1,45028 հեկտար հողամասը (այսուհետ՝ տարածք)՝ նախապես իրականացնելով շինարարության համար անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման միջոցառումները, մասնավորապես, դպրոցի շինարարության համար տարածք և ժամանակավոր շինհրապարակ տրամադրելու, հատկացված տարածքի վրա գոյություն ունեցող շենքերի և կառույցների քանդման, շինհրապարակն էլեկտրաէներգիայով, ջրով ապահովելու, կապի և էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու, ծառահատման և այլ միջոցառումներ:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել չինացի մասնագետների մուտքի արտոնագրերի, կացության և աշխատանքի թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն՝ դպրոցի շինարարության համար չինացի մասնագետների կողմից ներմուծվող անհրաժեշտ շինարարական տեխնիկայի, նյութերի, սարքավորումների, կահույքի, կենցաղային և այլ իրերի ներմուծման համար համաֆինանսավորման վերաբերյալ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին ստորագրված «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի դրույթները:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն՝ դպրոցի շինարարության համար անհրաժեշտ շինարարական աշխատանքների կազմակերպման միջոցառումների, մասնավորապես, հատկացված տարածքի շենքերի և կառույցների քանդման, շինհրապարակն էլեկտրաէներգիայով, ջրով ապահովելու, կապի և էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու, ծառահատման և այլ միջոցառումների վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել չինական կողմի հետ դպրոցի շինարարության հետ կապված նախագծերի քննարկման, հաստատման, շինարարության ավարտից հետո հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
3) կառուցման աշխատանքների ավարտից հետո ապահովել դպրոցի բնականոն գործունեությունը:
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ իրականացնել Երևան քաղաքի Զ. Սարկավագի
14 հասցեում գտնվող «Երևանի Հ. Գյուլիքեխվյանի անվան N 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ժամանակավոր տեղափոխումը «Երևանի Ս. Շահմուրադյանի անվան N 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն` ապահովելով ուսումնական գործընթացի բնականոն իրականացումը.
2) շահագրգիռ մարմինների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում շինարարական աշխատանքների թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը և աջակցել աշխատանքների կատարմանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ լուծել Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող «Երևանի Հ. Գյուլիքեխվյանի անվան N 103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը:
7. Սահմանել, որ դպրոցի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը, իսկ շարժական գույքը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինությանը՝ դրանք հետագայում դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:
8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը չինական կողմի հետ ստորագրել փոխանակման նամակ սույն որոշմամբ նախատեսված պարտավորությունները կատարելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամության վերաբերյալ: