30 Հոկտեմբերի 2014, 1194 - Ա
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության անվամբ բացել Հայաստանի Հանրապետության դրամով արտաբյուջետային հաշիվ՝ Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռք բերելու և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի սեփականատեր <<Տանգո>> փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնություններն իրականացնելու նպատակով, որի մուտքերն ու ելքերը ներառվում են տվյալ բյուջետային տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն բացված արտաբյուջետային հաշվի մուտքերն են <<Տանգո>> փակ բաժնետիրական ընկերության կողմից պետությանը վճարվող կանխավճարները (տնտեսագիտական դասակարգման կապիտալի օտարման գծով կանխավճար), իսկ ելքերը կատարվում են ըստ նախահաշվի՝ հետևյալ ուղղություններով. վարչության և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքում տարածքների սեփականատեր անձանց (ֆիզիկական և իրավաբանական) կամ դրանց մասնակիցների միջև կնքված անշարժ գույքի կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցության առուվաճառքի պայմանագրի գնի վճարումներ (տնտեսագիտական դասակարգման կապիտալի ձեռքբերման գծով վճարումներ):