9 Հոկտեմբերի 2014, 1116 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ N 5 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման և հատկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքից բնակարան ստանալու համար սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթների համաձայն դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ժամը 18:00-ն ներառյալ: Ընդ որում, սահմանված վերջնաժամկետից հետո դիմումներ չեն ընդունվում:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքից բնակարան ստանալու հավակնող անձանց իրազեկումը՝ Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքից սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն բնակարանների տրամադրման պայմանների և սույն որոշման 2-րդ կետով սահմանված` դիմումների ներկայացման վերջնաժամկետի մասին` տեղեկատվությունը փակցնելով բնակչության համար առավել տեսանելի վայրերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի և համապատասխան համայնքների վարչական շենքերում:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքից բնակարան ստացող ընտանիքներին հատկացնելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 շենքի բնակարաններից 4 հատ երկսենյականոց բնակարաններ դասել պաշտոնական (ծառայողական) բնակարանների շարքը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում ապահովել Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքից սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված հիմքերով բնակարան ստացած անձանց (ընտանիքների) հետ համապատասխան պայմանագրերի կնքումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակի:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքի բնակարանների վիճակահանության բաշխման արդյունքներով չբաշխված բնակարանների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ դրանց տնօրինման վերաբերյալ:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: