18 Սեպտեմբերի 2014, 1111 - Ն
ԱՐԱՐԱՏՅԱՆ, ՀՐԱԶԴԱՆԻ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇՏԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում գոյություն ունեցող ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվություններում կատարել ջրօգտագործման ծավալների և (կամ) ռեժիմների կրճատման սահմանափակումներ և չափավորումներ` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» և «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունների դրույթների համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Արարատյան դաշտի ջրօգտագործում իրականացնող ձկնաբուծական տնտեսություններում կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման ուղղությամբ և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում, օդերևութաբանական վերլուծության արդյունքում, երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
5. Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է վերացվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: