Կառավարության որոշումներ

2 Հոկտեմբերի 2014, 1064 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 767 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» N 767 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, վերադարձի վկայականը` միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը.
2) փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
3) ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.
4) օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը.
5) քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը.
6) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական): »:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: