Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2014, 1048 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացված արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը 2014 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 40,305.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: