11 Սեպտեմբերի 2014, 1058 - Ն
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՏԵՄԱՐԱՆԻՆ ՏԵՂԵԿՈՒՅԹ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանին տեղեկույթ տրամադրող կազմակերպությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման, համալրման և օգտագործման գործընթացների ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման տեխնիկական առաջադրանքը` համաձայն N 1 հավելվածով սահմանված պահանջների.
2) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի շրջանակներում նախատեսել մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ծրագրային ապահովման, ծրագրերի ներդրման, համապատասխան տեխնիկական սարքաշարերի ու կապի միջոցների ձեռքբերման և տեղակայման, մալուխային առանձին կապի ծառայության վարձակալման ու շտեմարանի ստեղծման և դրա հետագա գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ ծախսեր.
3) մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը ապահովել մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական սարքաշարերի ու կապի միջոցների ձեռքբերումը և կապուղու վարձակալումը.
4) 2015 թվականից սկսած` յուրաքանչյուր տարվա նոյեմբերին կազմակերպել վերապատրաստման դասընթացներ` շտեմարանին տեղեկույթ տրամադրող կազմակերպությունների համապատասխան մասնագետների համար.
5) մինչև 2020 թվականն ավարտել մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում կազմակերպությունների տրամադրած տեղեկույթի մուտքագրումը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին
1) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի շրջանակներում նախատեսել իրենց ենթակայությամբ գործող կազմակերպությունների հիմնական ֆոնդերի հավաքածուների տեղեկույթը թվայնացնելու գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական սարքաշարերի ու կապի միջոցների ձեռքբերման ծախսերը.
2) 2015 թվականի ընթացքում իրենց ենթակայությամբ գործող կազմակերպություններն ապահովել հաշվառված հիմնական ֆոնդերի հավաքածուները թվայնացնելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքաշարերով ու կապի միջոցներով և ստեղծել համապատասխան պայմաններ՝ նշված հավաքածուները սույն որոշման N 1 հավելվածով սահմանված պահանջների համաձայն թվայնացնելու համար.
3) 2015 թվականից սկսած` յուրաքանչյուր տարվա նոյեմբերին ապահովել իրենց ենթակայությամբ գործող կազմակերպությունների համապատասխան մասնագետների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին.
4) համաձայն N 1 հավելվածով սահմանված պահանջների` 2016 թվականի հունվարից սկսած` ապահովել իրենց ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից հաշվառված հիմնական ֆոնդերի հավաքածուների տեղեկույթի թվայնացման աշխատանքների իրականացումը.
5) 2016 թվականից սկսած` յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել իրենց ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից հաշվառված հիմնական ֆոնդերի հավաքածուների թվայնացված տեղեկույթի տրամադրումը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը` համաձայն սույն որոշման N 1 հավելվածով սահմանված պահանջների.
6) մինչև 2020 թվականն ավարտել 2013 թվականի տվյալներով առկա հիմնական ֆոնդերի հավաքածուների թվայնացման և տեղեկույթի տրամադրման գործընթացը:
5. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների ղեկավարներին` մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը տրամադրել այլ պետությունների տարածքում առկա ազգային մշակութային արժեքների վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող տեղեկույթը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: