4 Սեպտեմբերի 2014, 978 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով ու 5-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` 66 000 000 դրամ շուկայական արժեքով, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, Վ. Վաղարշյան 24 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 419.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջ» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Հ. Քոչարի 7, բն. 38)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`
1) հիմնադրամը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման և մասնագիտական անհրաժեշտ գույքով ապահովման համար 3 տարվա ընթացքում կատարել 11 մլն դրամի չափով ներդրումներ` հետևյալ համամասնությամբ՝
ա. 1-ին տարի՝ 8 մլն դրամ,
բ. 2-րդ տարի՝ 2 մլն դրամ,
գ. 3-րդ տարի՝ 1 մլն դրամ.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում հիմնադրամը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
3) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում հիմնադրամը պարտավոր է 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.
4) պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` հիմնադրամի միջոցների հաշվին: