Կառավարության որոշումներ

28 Օգոստոսի 2014, 914 - Ն

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.4-րդ հոդվածի 4-րդ մասի, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 16-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Արմավիա»-Ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9,045,000.0 հազ. դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ քաղ. Երևան, Մանանդյան փողոց, N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ` գույք):
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով) 2014 թվականի ինն ամսում հատկացնել 9,045,000.0 հազ. դրամ, որից`
1) 7,176,418.0 հազ. դրամը` «Արմավիա»-Ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հարկային պարտավորությունների դիմաց վճարում կատարելու համար.
2) 360,780.5 հազ. դրամը` «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերության առկա հարկային պարտավորությունների դիմաց վճարում կատարելու համար.

3) 1,507,801.5 հազ. դրամը` պահանջի դիմաց «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով սահմանված՝ 9,045,000.0 հազ. դրամ արժեքով, սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հանձնելուց առաջացած ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարման համար:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարներն ուղղել «Արմավիա»-Ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Միկա Քորփորեյշն» փակ բաժնետիրական ընկերության հարկային պարտավորությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գանձապետական համապատասխան հաշվին` ուղիղ վճարման միջոցով (համաձայն այդ ընկերությունների հարկային պարտավորությունների մասին տեղեկանքի).
2) ապահովել հարկադիր կատարողի հետ համապատասխան պայմանագրի կնքումը, անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցումը` պայմանագրի նոտարական վավերացման և ծագող իրավունքների գրանցման ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) գույքի պահպանության (ներառյալ գույքագրման տվյալներով առկա շարժական գույքի) ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) գույքն օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան:
5. Սույն որոշման 1-ին կետի համաձայն պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո անշարժ գույքն ամրագրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում՝ 9,045,000.0 հազ. դրամ ձեռքբերման արժեքով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված