4 Սեպտեմբերի 2014, 950 - Ն
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին տրվող հավելումների չափերը և վճարման դեպքերը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին տրվող հավելումը պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում է, որի չափը որոշվում է ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների կարգերի և չի կարող գերազանցել օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը.
2) կայազորային քննչական բաժիններն ըստ կարգերի դասակարգելու համար հիմք են ընդունվում զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների տեղակայման վայրը և համապատասխան վտանգավորության պայմաններում ծառայողական պարտականությունների իրականացման առանձնահատկությունները.
3) քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողի գործուղման դեպքում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումը տրվում է այն կայազորային բաժնի համար նախատեսված հավելման չափով, ուր գործուղվում է ծառայողը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշմամբ սահմանված հավելումները, ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողների թվաքանակի, սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.
2) ապահովել, որպեսզի սույն որոշմամբ սահմանված ծառայության առանձնահատուկ պայմանների համար հավելումները հաշվարկվեն համապատասխան պայմաններում ծառայության օրերի դիմաց` բացառությամբ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված