Կառավարության որոշումներ

28 Օգոստոսի 2014, 895 - Ն

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ, միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ, թաղման նպաստ նշանակող իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է, իսկ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության դատախազությունն է.
2) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված անձինք պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատան-քային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական սպասարկմամբ ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318 Ն որոշմամբ սահ-մանված կարգով.
3) միանվագ դրամական օգնության չափը 4500000 դրամ է.
4) մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը 5000 դրամ է.
5) հուղարկավորության նպաստի չափը 700000 դրամ է.
6) թաղման նպաստի չափը 200000 դրամ է:
2. Հաստատել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`
1) հուղարկավորության նպաստ, միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն
N 3 հավելվածի.
4) հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
6) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը լրացնելու և տրամադրելու կարգը` համաձայն N 6 հավելվածի:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին 2017 թվականի հուլիսի 1-ից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը փոխանցել դատախազության համակարգի կենսաթոշակառուների կենսաթոշակին վերաբերող գործերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված