Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2014, 846 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ, 60-րդ և 61-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 5210391.0 դրամ արժողությամբ, 638.59 քառ. մետր ընդհանուր մակերեսով չշահագործվող նախկին շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 1510.3 քառ. մետր մակերեսով հողամասն անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել Դդմաշենի գյուղական համայնքին՝ շենքը որպես հանդիսությունների սրահ ծառայեցնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝
1) Դդմաշենի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած, ինչպես նաև դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը.
2) «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության գույքի կազմից սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով «Դդմաշենի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման գործընթացը, գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով.
3) սույն որոշման 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո Դդմաշենի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման, նվիրաբերության մասին պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը՝ դրանում նախատեսելով, որ նվիրաբերության մասին պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման` Դդմաշենի գյուղական համայնքի միջոցների հաշվին: