Կառավարության որոշումներ

27 Մարտի 2014, 810 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 32-րդ և 34-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հետ վերցնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևանի վարչական սահմաններում գտնվող` «Երևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության (անտառտնտեսության տարածքային միավոր) 7-րդ քառակուսու 21-րդ և 24-րդ տեղամասերում գտնվող երեք հեկտար անտառային հողը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված երեք հեկտար անտառային հողը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը` մշակութային նպատակով` սկաուտական պարապմունքներ, համահայաստանյան ու միջազգային բանակումներ կազմակերպելու համար:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված երեք հեկտար անտառային հողն առանձնացնել որպես առանձին գույքային միավոր և մեկամսյա ժամկետում ապահովել այդ անտառային հողի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության հետ:
4. Սույն որոշման 2-րդ կետի ուժով ծագած իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև անտառային հողը որպես առանձին գույքային միավոր առանձնացնելու հետ կապված համապատասխան վճարները, իրականացնել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
Հավելված