3 Հուլիսի 2014, 737 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական իշխանության մարմիններում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առավելագույն լրավճարի չափերը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման իմաստով աշխատավարձի հարաբերությունների կարգավորումը ներառում է նաև պաշտոնային դրույքաչափերի հիման վրա հաշվարկված աշխատավարձի ֆոնդի սահմաններում աշխատողների խրախուսման և օգնության հատկացման ֆինանսավորման հարաբերությունները կանոնակարգող դրույթները.
2) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը որոշվում են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի և սույն որոշման N N 1, 2 և 3 հավելվածներով հաստատված համապատասխան գործակիցների արտադրյալով.
3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող հիմնական և լրացուցիչ աշխատավարձերը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափից բարձր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի գործող աշխատավարձի չափը.
4) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով, իսկ բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում՝ 8000 դրամի չափով.
5) պետական կառավարման մարմիններում (բացառությամբ սույն կետի 5-րդ ենթակետում նշված մարմնի) քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափի չափով` հետևյալ դեպքերում՝
ա. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ամուսնության,
բ. տարերային աղետի հետևանքով քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձին վնաս պատճառելու,
գ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
դ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի մահվան.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի մինչև 1 տոկոսի սահմաններում կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափի չափով՝ հետևյալ դեպքերում՝
ա. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ամուսնության,
բ. տարերային աղետի հետևանքով քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձին վնաս պատճառելու,
գ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
դ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի մահվան:
3. Իրավունք վերապահել պետական իշխանության մարմինների ղեկավարներին` աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին խրախուսել քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` բարեխիղճ աշխատանքի համար:
4. Պետական իշխանության մարմինների ղեկավարներին`
1) ապահովել, որ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` հարկերը և նպատակային սոցիալական վճարը վճարելուց հետո ցածր չլինեն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնների անվանումների համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 873-Ն հրամանով հաստատված՝ զբաղմունքների դասակարգչին:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ յուրաքանչյուր անգամ բազային աշխատավարձի փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով ներկայացնել համապատասխան կառավարության որոշման նախագիծ՝ նվազեցնելով սույն որոշման N 4 հավելվածով հաստատված լրավճարների չափերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: