Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2014, 693 - Ն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱ¬ՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 19-րդ հոդվածները և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) ֆինանսական կայունության վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) կազմակերպությանը 2014 թվականի ինն ամսում տրամադրել 200.000.0 հազ. դրամ բյուջետային վարկ` մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսագումարների մարումը վարկի վերջնաժամկետում իրականացնելու պայմանով:
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել որոշման 1-ին կետով նախատեսված վարկի տրամադրման համապատասխան պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել հսկողություն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բյուջետային վարկի մարման նկատմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  Հավելված