Կառավարության որոշումներ

22 Մայիսի 2014, 545 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Նալբանդյան 128 հասցեում գտնվող N 6 ուսումնական մասնաշենքի 2-րդ հարկից 61860.0 հազ. դրամ գնահատված արժեքով, 275 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) Երևան քաղաքի Նալբանդյան 128 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքերի համար «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություն.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» փակ բաժնետիրական ընկերության հաշվին: