Կառավարության որոշումներ

8 Մայիսի 2014, 480 - Ն

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 29-ի «2014 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-84-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2014 թվականի ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2014 թվականի ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2014 թվականի ամառային զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսների ընթացքում՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 29-ի «2014 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-84-Ն հրամանագրի 1-ին կետի պահանջներով.
2) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ.
3) առնվազն մեկ ամիս առաջ՝ մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչիկների՝ սահմանված կարգով ներկայացումը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության ներքո.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող՝ զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2014 թվականի ամառային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով՝ հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական ու ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2014 թվականի ամառային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով.
4) ապահովել զորակոչիկների կանխարգելիչ պատվաստումների՝ սահմանված կարգով իրականացումը հանրապետության զինվորական կոմիսարիատներին կցագրված՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ ու երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու մասին.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների կատարած համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) 2014 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն ավարտել`
ա. դպրոցներում` մինչև 2014 թվականի հունիսի 25-ը,
բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2014 թվականի հուլիսի 10-ը,
գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2014 թվականի հունիսի 10-ը,
դ. մինչև 2014 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանացուցակները,
ե. մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատ-ների.
2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունելություններն ավարտել մինչև 2014 թվականի հունիսի 20-ը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված