Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2014, 465 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 856-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» N 856-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 8-րդ կետերը.
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Խորհրդին կից գործում է բողոքարկման հանձնաժողովը (այսուհետ` բողոքարկման հանձնաժողով), որը գործում է օրենքով սահմանված կարգով:».
3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Խորհուրդը`
1) քննարկում է տեսչության գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը և ներկայացնում է առաջարկություններ.
2) քննարկում է ստուգումներին առնչվող ուղեցույցները և ներկայացնում է առաջարկություններ.
3) քննարկում է տեսչության պետի կողմից ներկայացված տեսչության տարեկան և ընթացիկ հաշվետվությունները և ներկայացնում է առաջարկություններ.
4) քննարկում է տեսչության պետի կողմից ներկայացված` կիրառված պատասխանատվության միջոցների մասին հաշվետվությունները և ներկայացնում է առաջարկություններ.
5) յուրաքանչյուր տարի սահմանում է նախատեսված ռազմավարական խնդիրների իրագործմանն ուղղված տեսչական մարմնի գործունեության թիրախներ, որոնք ներառում են`
ա. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ՝ ամբողջությամբ համապատասխանող տնտեսավարող սուբյեկտներ) թվի աճ,
բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտում հանրությանն սպառնացող ռիսկերի կրճատում,
գ. տեսչության կատարողականի և գործունեության մասին հանրության իրազեկվածության բարձրացում.
6) քննարկում է տեսչության պետի կողմից ներկայացված կատարողականի ցուցանիշների ցանկը, որոնցով նախատեսված է գնահատել տեսչության կողմից իր խնդիրների իրագործումը և ներկայացնում է առաջարկություններ տեսչության պետի կողմից ներկայացված կատարողականի ցուցանիշների ցանկի վերաբերյալ: Ցանկը պետք է ներառի հետևյալ ցուցանիշները`
ա. հաշվետու ժամանակաշրջանում պլանավորված և ըստ անհրաժեշտության իրականացված ստուգումների հարաբերակցությունը,
բ. տեսչության կողմից վերահսկման ենթակա ոլորտը կարգավորող նորմերին և պահանջներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտների քանակը,
գ. ստուգման կամ դրա ավարտից հետո վերացված խախտումների քանակը,
դ. հայտնաբերված և դատական կարգով լուծված խախտումների քանակը,
ե. տեսչության կողմից վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտներին տրված ուղեցույցների քանակը:».
4) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում տեսչությունը խորհրդին ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ ընթացիկ եռամսյակային հաշվետվություններ, որոնք խորհուրդը համադրում է կատարողականի ցուցանիշների և սահմանված տարեկան թիրախների կատարողականի հետ և ներկայացնում է առաջարկություններ:».
5) 13-րդ կետում «12-րդ կետի» բառերը փոխարինել «11-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության» բառերով:
2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում իրենց կառուցվածքում գործող տեսչության կառավարման խորհուրդների կանոնադրությունները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: