Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2014, 460 - Ն

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 352-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-18-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման դիմումի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ցուցակը` նշելով ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշմանդամության խումբը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթղթի համարը և հանրային ծառայությունների համարանիշը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ սահմանված կարգով` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված` մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման կենտրոնական տեղեկատվական բազայի վարումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրել 2006-2013 թվականների ընթացքում նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստացած անձանց ցուցակը` դրանում ներառելով այն ավանդային գրքույկների համարները և ներդրված գումարի (ԽՍՀՄ ռուբլով) չափը, որոնց դիմաց վճարվել է փոխհատուցում՝ ԽՍՀՄ ռուբլով ավանդը մարած համարելու նպատակով:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքապետերին` ապահովել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների կողմից սույն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված` մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց, որպես ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող անձ, հաշվառման իրականացումը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշման N 1 հավելվածի 12.1-ին կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված