3 Ապրիլի 2014, 340 - Ն
ԱՊՕՐԻՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՉՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներին` առաջարկել համայնքների ղեկավարներին ջրօգտագործման թույլտվություն ստացած, սակայն մինչև այժմ դեռևս չհորատված հորատանցքերի մասով չտրամադրել շինարարության թույլտվություն:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով չտրամադրել նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվություններ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում բոլոր ջրօգտագործողներին տեղեկացնել սույն որոշմամբ սահմանված կարգի պահանջների մասին:
4. Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի հաստատման վերջնաժամկետ սահմանել 2015 թվականի սեպտեմբերի 1-ը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: