10 Ապրիլի 2014, 398 - Ն
ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԼՈՌՈՒ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ` ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) 2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզերում ցրտահարության պատճառած վնասների մեղմման նպատակով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների վաճառքով զբաղվող տնտեսավարողներից ձեռք բերել բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուներ.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված սերմացուների (այսուհետ` սերմացուներ) ձեռքբերման համար օգտագործել 85000000,0 դրամ՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվեհամարից.
3) սերմացուները «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով` սեղմ ժամկետում անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին` 2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նշված մարզերում ցրտահարությունից առավել տուժած հողօգտագործողներին տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին`
1) սերմացուները մինչև 10 օրվա ընթացքում համայնքների ղեկավարների միջոցով հատկացնել ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին` համաձայն համապատասխան համայնքների ավագանիների կողմից հաստատված բաշխացուցակների.
2) սերմացուների հատկացումն ավարտելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սերմացուների` ըստ համայնքների բաշխման, իսկ ցանքերի ավարտից հետո` ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի կատարված ցանքերի մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: