Կառավարության որոշումներ

10 Ապրիլի 2014, 388 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 379851)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրիկի գյուղական համայնքի (այսուհետ՝ համայնք) տարածքում գտնվող 781.43 քառ. մետր մակերեսով, 4 139 333.0 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (դպրոց) և դրա սպասարկման համար անհրաժեշտ` 0.23 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել «Ախուրիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և նվիրաբերել համայնքին՝ այն որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում լուծել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը և ապահովել այդ գույքի պետական գրանցումը` սահմանված կարգով.
2) երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ համատեղ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ նոտարական վավերացման և նվիրաբերության պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու է համայնքի միջոցների հաշվին: