Կառավարության որոշումներ

27 Մարտի 2014, 375 - Ն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը` համաձայն N 2 հավելվածի.
3) սոցիալական փաթեթի շահառուների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման և վարման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը ֆինանսավորվում են`
1) 2014 թվականին՝ «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից բացված արտաբյուջետային հաշվի միջոցներից.
2) 2015 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան ծրագրի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում`
1) հաստատել սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման չափորոշիչը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման մասին հաստատված չափորոշիչներում և այլ նորմատիվ իրավական ակտերում.
2) մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, հաստատել սոցիալական փաթեթի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման գները:
4. Հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին, ինչպես նաև առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել (այդ թվում՝ իրենց ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այլ կազմակերպությունների մասով)`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սույն որոշման N 4 հավելվածի 4-րդ կետով նախատեսված դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում տվյալ մարմնում աշխատող անձանց՝ սույն որոշման N 4 հավելվածի 8-րդ կետով նախատեսված տվյալների մուտքագրումն էլեկտրոնային շտեմարան.
3) տվյալ մարմնում աշխատող անձանց տեղեկացումը՝ սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված էլեկտրոնային շտեմարանում տվյալների հավաքագրման վերաբերյալ:
5. Սահմանել, որ 2014 թվականի ընթացքում, մինչև սոցիալական փաթեթի` շահառուներին սույն որոշմամբ հաստատված կարգով հավաստագրերի տրամադրումը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար հիմք է հանդիսանում համապատասխան պետական մարմնի կամ կազմակերպության կողմից տրված տեղեկանքը` սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ 1-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված հավաստագրերի տպագրությունն իրականացնելու նպատակով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023