13 Հոկտեմբերի 2005, 1894 - Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1222-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի «Երևանի պետական համալսարանի մասին» N 1222-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը,
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական և գիտաարտադրական աշխատանքներ.
5) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.
6) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
7) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում.
8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական համագործակցության կազմակերպում.
9) ուսանողների և համալսարանի անձնակազմի հանրային սննդի կազմակերպում.
10) աշխատակիցների և ուսանողների հանգստի կազմակերպում.
11) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: